Կորոնավիրուսի տարածումից մեծ վնասներ են կրել հայկական տուրիստական գործակալությունները։ Հատկապես Հայաստանում վարակի հաստատումից հետո գրասենյակներում ամեն օր չեղարկումներ են գրանցվում։
«Տարբեր երկրներից ունեինք զբոսաշրջիկներ, որ պետք է գային Հայաստան, արդեն ունեցել ենք մի քանի չեղարկումներ։ Այս պահին դեռ ունենք ամրագրված մեկ 50 հոգանոց տուր, անհանգիստ եմ, որ կարող է՝ դա էլ չեղարկվի։ Եթե ունեինք տուրիստներ, որոնք Ծաղկաձոր, Դիլիջան պետք է գնային հանգստանալու համար, բոլորը չեղարկվել են»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Rima Tours and Travel գործակալության հիմնադիր տնօրեն Ռիմա Խաչատրյանը՝ նշելով, որ նախորդ տարիների համեմատ հաճախորդների թիվը նվազել է 90 տոկոսով։
Ռիմա խաչատրյանը նշեց, որ արդեն 23 տարի է՝ ինչ աշխատում է տուրիստական ոլորտում, երբեւէ նման իրավիճակի չի հանդիպել. «Ոչ մի տարի նման բան չի եղել, որ մեկ ամիս զբոսաշրջիկ չմտնի մեր գրասենյակ»։
Բոլոր ամրագրումները չեղարկվել են նաեւ One Way Tour տուրիստական գործակալությունում։ Տնօրեն Մաթեւոս Բարսեղյանը մեզ հետ զրույցում ասաց, որ չեղարկվել են բոլոր ամրագրումները մարտ, ապրիլ, մայիս ամիսների համար. «Եթե ամեն տարի ապահովում էինք իքս քանակի տոկոս աճ, այս պարագայում այդ աճ չկա, ավելին՝ անցած տարվա համեմատ երկու անգամ ավելի քիչ հաճախորդ է եկել մեզ մոտ»։
Իրավիճակը գործակալություններին ֆինանսական խնդիրների առջեւ է կանգնեցրել։ Ռիմա Խաչատրյանը նշեց, որ ընկերությունը վարկեր ունի, ունեն աշխատավարձերը վճարելու խնդիր։
«Ներկա դրությամբ 3-4 աշխատող ազատել եմ աշխատանքից, 3 աշխատող եմ թողել»,– նշեց նա։
Մաթեւոս Բարսեղյանը նշեց, որ փորձելու են պահուստային գումարով լուծել խնդիրը, եթե այն շարունակվի երկու ամսից ավելի, ապա ստիպված կլինեն ժամանակավորապես փակել գործակալությունը։
Նշենք, որ նախօրեին Հայաստանում կորոնավիրուսի հաստատված երեք դեպքերից մեկը Էջմիածնի բնակիչ է: Քաղաքացին, որի մոտ հաստատվել է վարակը, մարտի 8-ին մասնակցել է նշանադրության արարողության։ Նրա հետ սերտ շփում ունեցած անձիք այս պահին մեկուսացվում են։ Էջմիածնում, ընդհանուր առմամբ խուճապային տրամադրություններ կան, ծնողների մեծ մասն իրենց երեխաներին դպրոցներ եւ մանկապարտեզներ չի տարել։ Վերջին պաշտոնական տվյալով Հայաստանում կա 4 վարակված, 88 մարդ մեկուսացված է։





























