Բրիտանական The Guardian թերթը հայ երգի հանճար Կոմիտասին նվիրված հոդված է հրապարակել ապրիլի 24-ին ընդառաջ։
«Ամբողջ աշխարհի հայերը ապրիլի 24-ին հավաքվում են հարգելու 1915թ Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, որի ժամանակ 1,5 մլն հայ կամ կոտորվել են կամ արտաքսման ենթարկվել։ Ամեն անգամ, երբ նրանք հավաքվում են միասին հարգելու անմեղ զոհերի հիշատակը, դա կատարվում է Կոմիտասի երաժշտության ներքո։ Կոմիտասի երաժշտությունը խոսում է իր ժողովրդի ոգու փոխարեն»,- գրում է հոդվածում Մայքլ Չերչը։
Հեղինակը, ներկայացնելով երգահանի կենսագրության մանրամասները, նշում է, որ Կոմիտասն էլ 1915թ. հետապնդվել է թուրքական կառավարության կողմից։
«Որպես ժողովրդական երգի ծաղկաքաղ կատարող եւ մշակող, նա Հայաստանի համար արել է նույնը, ինչը Բարտոկը Հունգարիայի։ Նա հասարակ երգը վերածում էր բազմաձայն, գեղեցիկ եւ բարդ երաժշտության»,- նշում է հեղինակը։
«Թուրք մահմեդականները, ոգեւորված իրենց իշխանություններով, սկսեցին թալանել քրիստոնյա հայերի գյուղերը եւ կոտորել բնակիչներին։ Ի վերջո, 1915թ. ապրիլի 24-ին հայերին սկսեցին զանգվածային տեղահանել։ Կոմիտասը մեկն էր այն 291 հայ մտավորականներից, որոնց աքսորեցին անապատներ»,- գրում է Չերչը՝ Կոմիտասին անվանելով «ազգային երաժշտության մոռացված հերոս»։




























