Ամերիաբանկը, կորոնավիրուսի կանխարգելման նպատակով, ինչպես նաեւ խուսափելով բանկի մասնաճյուղերում մարդկանց կուտակումներից` որոշում է կայացրել բանկի բոլոր ֆիզիկական անձ եւ անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդներին ս.թ. մարտի 13-ից մինչեւ մայիսի 13-ը ներառյալ տրամադրել «վարկային արձակուրդ»: Ֆիզիկական անձ եւ անհատ ձեռնարկատեր հանդիսացող բոլոր անձինք այդ ժամանակահատվածում կարող են չկատարել իրենց վարկերի հերթական մարումները, ներառյալ` մայր գումարները, հաշվեգրված տոկոսագումարները, սպասարկման եւ այլ վճարները, ինչը չի հանգեցնի որեւէ բացասական հետեւանքի:

Ֆիզիկական անձ եւ անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդների տոկոսադրույքները կհաշվարկվեն եւ կբաշխվեն վարկերի մնացած ամիսների վրա` համաձայն նոր կազմված ժամանակացույցի, որը հաճախորդները կարող են ստանալ իրենց կողմից նախապես ընտրված հաղորդակցման եղանակով:

Ամերիաբանկը շարունակում է հորդորել իր բոլոր հաճախորդներին` օգտվել բանկի հեռահար սպասարկման ծառայություններից եւ 24/7 Կոնտակտ կենտրոնից` զանգահարելով +374 10 561111: