Գերմանական Ruf Automobile ընկերությունը ցույց է տվել SCR նոր կուպեի առաջին օրինակը, որը ոճավորված է 1989 թվականի նմուշի 964 սերնդի Porsche 911-ի նման, հայտնում է «Մոտորը»:
Պֆաֆենհաուզենից Ruf ընկերությունը, որը հայտնի է Porsche-ի տարբեր մոդելների բազայի վրա պատրաստվող մանրսերիական յուրահատուկ ավտոմեքենաներով, ցույց է տվել SCR նոր մոդելի առաջին սերիական օրինակը: Կանաչ կուպեն ոճավորված է 1989-1994 թվականների նմուշի 964 սերնդի դասական Porsche 911-ի նման, բայց սա հենց այն դեպքն է, երբ արտաքին տեսքը խաբուսիկ է. սուպերքարի մոնոկոկը եւ թափքի բոլոր պանելները պատրաստված են ածխածնային մանրաթելից: Վինտաժային «Պորշեից» այն տարբերվում է առջեւ բամփերի այլ դիզայնով, հետեւի ավելի լայն թեւերով, ժամանակակից լուսադիոդային օպտիկայով, հետին ոչ մեծ օրիգինալ ձեւի սփոյլերով եւ նոր անվասկավառակներով:
Ինտերիերը նույնպես ռետրոոճով է կատարված եւ երեսպատված է դարչնագույն բնական կաշվով՝ վանդակավոր գործվածքի ագուցմամբ. չկան ոչ մի սենսորային էկրան, վիրտուալ սարքեր եւ գունավոր դիսփլեյներ: Կուպեում չկա նաեւ վարորդի ոչ մի էլեկտրոնային ասիստենտ: SCR-ի համար մշակվել է սպորտային երկլծականի կախոց՝ երկու առանցքների վրա հորիզոնական ամորտիզատորներով: Հետեւում տեղադրված է 4 լիտր ծավալով 6-գլանանի օպոզիտային շարժիչ: Հզորությունը կազմում է 510 ձիաուժ, պտտման պահը՝ 470 Նմ:
Փոխանցման տուփը մեխանիկական է: Ruf SCR-ի զանգվածը կազմում է 1 250 կգ, կուպեի առավելագույն արագությունը՝ 320 կմ/ժամ, իսկ դինամիկայի բնութագրերը գերմանացիները դեռեւս գաղտնի են պահել: Ruf ռետրոսուպերքարի արժեքը նույնպես չի հաղորդվում, ճիշտ նույնկերպ նաեւ՝ յուրահատուկ կուպեի ապագա թվաքանակը: Դատելով ընկերության նախկին ստեղծագործություններից՝ SCR-ն լավագույն դեպքում թողարկվելու է մի քանի տասնյակ օրինակով, որոնցից յուրաքանչյուրը արտադրողը կգնահատի մի քանի հարյուր հազար եվրո:





























