Ղազախստանի իրավապահ մարմինները ենթարկել են 10 օրով վարչական ազատազրկման պրանկերին, որը ձեւանում էր իբրեւ կորոնավիրուսով վարակված հազացող հիվանդ Ալմաթիի մետրոյում եւ տեղադրում այդ մասին վիդեոներ Instagram-ում, կիրակի տեղեկացրել է Ալմաթի քաղաքի ոստիկանության դեպարտամենտի մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Սոցիալական ցանցերի մոնիթորինգի արդյունքում հայտնաբերվել է խուլիգանության փաստ Ալմաթիի 23-ամյա բնակչի կողմից, որը, ձեւացնելով անդադար հազ, վախեցնում էր մետրոպոլիտենի ուղեւորներին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ոստիկանները ձերբակալել են պրանկերին, ենթարկել վարչական պատասխանատվության մանր խուլիգանության համար: Նախքան դատավարությունը իրավախախտը հրապարակավ ներողություն է խնդրել քաղաքացիներից:

Ղազախստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնել են մարտի 13-ին: Ներկայում վեց վարակվածներից չորսը գտնվում է Ալմաթիի ինֆեկցիոն հիվանդանոցում, իսկ երկու հիվանդ՝ Նուր Սուլթանում: