«Կումայրի» ճարտարապետական արգելոց թանգարանը տարբեր երկրների 100 անհետացող հուշարձանների ցուցակում է հայտնվել: Շենքերը, որոնք իրենց մեջ կրում են հին Կումայրիի կենցաղն ու ոգին, վթարային կարգավիճակ ունեն եւ մեծ մասամբ լքված են: Մշակույթի ոլորտի մասնագետներն ու արվեստագետները համոզված են, որ քաղաքի պատմական միջուկը իրականում մշակութային մեծ արժեք է կրում իր մեջ, որը սակայն ոչնչանում է:
«Անհրաժեշտ է կառավարական մակարդակի մոտեցում, որպեսզի հնարավոր լինի պահպանել այն, ինչն հատուկ է մեր ազգային նկարագրին: Շատ կառույցներ այսօր դատարկ են: Մարդիկ հեռացել են, քանի որ տարիներ շարունակ արգելել են նրանց սեփական բնակարանը վերանորոգել, որպեսզի չխաթարեն պատմական կառույցների տեսքը: Բայց ոչինչ չի արել նաեւ կառավարությունը `այսկերպ նպաստելով Կումայրիի պատկերի խաթարմանը: Պետք է գործնական քայլեր ձեռնարկել, ոչ թե ասել ու անցնել»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գյումրիի քաղաքային ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Աշոտ Միրզոյանը`շարունակելով, որ իրենք առաջարկել են այդ կառույցները փրկելու մի քանի տարբերակ: «Օրինակ Կառավարությունը պետք է այդ կառույցներն անհատույց տրամադրի գործարարներին: Կարելի է փոքրիկ հյուրատներ կառուցել զբոսաշրջիկների համար»,- ասել է նա:
Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանն իր հերթին նշել է, որ պետք ամեն գնով փրկել այդ կառույցները, քանի որ դրանք «մեր ազգային նկարագիրն են ներկայացնում ու պահում են Գյումրիի մեջ Աննի մակետը: Ինչպես են պահել հին Թիֆլիսը, ինչպես վերակառուցվեց Շուշին, նույն կերպ պետք վերակառուցեն Կումայրին»,-ասել է Հասմիկ Կիրակոսյանը:





























