Այսօր` ապրիլի 23-ին Գրքի եւ հեղինակային իրավունքի համաշխարհային օրն է, որը արդեն երեք տարի է, որ նշվում է նաեւ Հայաստանում:
Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ` մայրաքաղաքում ու հանրապետության մարզերում կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ, որոնք այս տարի մեկնարկել են ապրիլի 21-ին եւ կավարտվեն ապրիլի 26-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մշակույթի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Գայանե Դուրգարյանը:
Հարցին, թե ինչո՞ւ են ավելի վաղ սկսել միջոցառումները, Գայանե Դուրգարյանը պատասխանեց, որ նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ մյուս օրվա`ապրիլի 24-ի հետ կապված միջոցառումները շատ են լինում եւ այս տոնը մի տեսակ ստվերում է հայտնվում: Մյուս կողմից, նրա ներկայացմամբ, օրվան նվիրված միջոցառումները շատ-շատ են եւ մեկ օրում հնարավոր չէ դրանք անցկացնել:
NEWS.am-ի հարցին, թե ո՞րն է միջոցառումների անցկացման նպատակը եւ ինչ արդյունքներ են ունենում, Գայանե Դուրգարյանն պատասխանեց, որ նպատակը մարդկանց իրազեկվածության բարձրացումն է, գրքի հանդեպ նրանց վերաբերմունքը: «3 տարվա ընթացքում շատացել են միջոցառումներին մասնակցել ցանկացողների թիվը, ինչը դրական է»,-ասաց նա:
Նշենք, որ 1995թ. Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր խորհրդաժողովը ապրիլի 23-ը հռչակել է Գրքի եւ հեղինակային իրավունքի համաշխարհային օր: Գրքի եւ հեղինակային իրավունքի համաշխարհային օրը նշվում է աշխարհի ավելի քան 100 երկրներում: Այս օրերին «Գրքի եւ հեղինակային իրավունքի միջազգային օրվան» նվիրված տարաբնույթ միջոցառումներ են նախատեսվում Երեւանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական, Խնկո-Ապոր անվան ազգային մանկական, երաժշտագիտական գրադարաններում, ինչպես նաեւ Արմավիրի, Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի, Շիրակի, Լոռու, Կոտայքի, Արարատի մարզերի գրադարաններում:




























