Մի կողմից կառավարությունը խոսում է դեպի գյուղն ու գյուղացին շրջվելու մասին, մյուս կողմից դադարեցվում է գյուղատնտեսությանն ուղղված ամենաարդյունավետ ծրագիրը` «Հազարամյակի մարտահրավերները»: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շահառուների խորհրդի նախկին անդամ, գյումրեցի իրավապաշտպան Սեյրան Մարտիրոսյանը:
«Բոլորս դեպի գյուղը, գյուղացին, գյուղատնտեսությունը, բայց միեւնույն ժամանակ կորցնում ենք գյուղին ու գյուղացուն ուղղված ամենաարդյունավետ ծրագիրը`«Հազարամյակի մարտահրավերները»: Ծրագիրը տապալված է»,- ասել է նա, հավելելով, որ այդ ծրագրի դադարեցմամբ, Հայաստանը շատ մեծ կորուստ ունեցավ: «Այն դրամաշնորհ էր, որը տրվում էր Ամերիկայի կառավարության կողմից մեր երկրին: Ներկա պայմաններում, երբ Հայաստանի արտաքին պարտքը գնալով մեծանում է, անվարձահատույց տրվող միլիոնավոր դոլարները, հատկապես գյուղաբնակների համար, օդ ու ջրի պես կարեւոր էին»,- նշել է իրավապաշտպանը:
«Կավկասյան երկրներից Հայազարամյակի մարտահրավերից օգտվելու հնարավորություն 5 տարի առաջ տրվեց Հայաստանին եւ Վրաստանին:Ադրբեջանը չհամապատասխանեց պահանջվող չափանիշներին: Հիմա Հայաստանն էլ կանգնեց Ադրբեջանի կողքին, որպես անազատ երկիր: Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր, թե ոչ մի աշխատանք չի դադարեցվելու, ոչ մի ֆինանսական խնդիր չի լինելու, հիմա ո՞ւր են այդ ծրագրերը, ինչո՞ւ չեն կառուցվում գյուղական ճանապարհները»,-ասել է Սեյրան Մարտիրոսյանը:
Իսկ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շահառուների նախկին անդամներից Վեհանուշ Հովհաննիսյանի խոսքով` այդ ծրագիրը մեծապես կնպաստեր գյուղատնտեսության զարգացմանը: «Ափսոսում եմ, որ այդպես ստացվեց: Այն աշխատանքը, որ արվել էր տարիների ընթացքում այս ծրագրի շրջանակներում, անգնահատելի է»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ օրերս Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը հայտարարել էր, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագով այլեւս ֆինանսավորում չի լինելու: Նա դա կապել էր Հայաստանում ժողովրդավարության իրավիճակի հետ:




























