«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի գույքի վրա դրվել էր կալանք, մինչ այդ գույքն առգրավված էր, ինչը օրենքի կոպիտ խախտում էր: Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նրա պաշտպան հովհաննես Խուդոյանը:

«Գույքի վրա կալանք դնելու որոշումը բողոքարկել ենք դատախազին, մերժում ենք ստացել: Այդ պրոցեսը հանգեցրել է դատարանում իրավունքների խախտման ճանաչման: Այո, կա միտում ոչ միայն քրեական գործով կոնկրետ անձի ազատությունը սահմանափակելու, այլեւ այդ սահմանափակելու եղանակով իր գործունեությանը խոչնդոտելուն:

Պարոն Թավադյանի վերաբերյալ եւս մեկ քրեական գործ է հարուցված, որը Քննչական կոմիտեում է իրականացվել: Այդ գործով, օրինակ, ոչ մեկի մտքով չի անցել, որ կարելի է պարոն Թավադյանի գույքը դնել կալանքի տակ: Այն հոդվածը, որ մեղսագրվում է իրեն, չի ենթադրում գույքի բռնագրավում կամ բռնագանձում: Իսկ այս գործով տեսնում ենք, որ ենթադրյալ դատական ծախսերի համար վարույթն իրականացնող մարմինը որոշել է պարոն Թավադյանի ամբողջ գույքը դնել կալանքի տակ»,-ասաց Խուդոյանը:

Նա նկատեց, որ այդ ծախսերը առավելագույնը 2-3 մլն դրամ կարող են լինել, իսկ Արմեն Թավադյանի բնակարանից առգրավել են այդ գումարը շատ ավելի գերազանցող միջոցներ, այդ թվում բանկային հաշիվներն են սառեցվել, այդ թվում բանկային պահատուփերում եղած գումարն է վերցվել:

«Ձեւական պատճառաբանություն գտել են, որ այդ միջոցները կարող են դառնալ իրեղեն ապացույց ինչ-որ հանգամանքներ գործով ապացուցելու համար: Հիմա այդ միջոցները առկա են, բայց փաստացի պարոն Թավադյանը դրանք տնօրինել չի կարող»,-ասաց պաշտպանը:

Հիշեցնենք, որ օրերս դատարանը բավարարեց «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպանների ներկայացրած կալանքը երկարաձգելու դեմ բողոքը։ Դեկտեմբերի 24–ին «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորել էին կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու կասկածանքով: