Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել երկրներին ակտիվացնել կորոնավիրուսի դեմ պայքարի համար թեսթավորման իրենց ծրագրերը՝ որպես կորնավիուսի համավարակի զարգացումը դանդաղեցնելու լավագույն միջոց, հայտնում է Reuters-ը։
«Մենք բոլոր երկրների համար պարզ ուղերձ ունենք՝ թեսթավորեք, թեսթավորեք, թեսթավորեք»,- Ժնեւում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեեսուսը։
«Բոլոր երկրները բոլոր կասկածելի դեպքերը ստուգելու հնարավորություն պետք է ունենան, նրանք չեն կարող փակ աչքերով պայքարել այս համավարակի դեմ»,- հավելել է նա։
Նրա խոսքերով՝ նույնիսկ առողջապահության զարգացած համակարգ ունեցող երկրներն են պայքարում այս բռնկման դեմ, եւ ինքը խորը մտահոգված է, թե ինչ ազդեցություն կունենա այն ցածր եկամուտ ունեցող երկրների վրա, որտեղ մարդիկ արդեն պայքարում են սովի եւ առողջության հետ կապված այլ խնդիրների դեմ։
ԱՀԿ ղեկավարի խոսքերով՝ վարակված մարդկանց հայտնաբերման եւ արագ մեկուսացման ճանապարհով հիվանդության զսպման ռազմավարությունը մնում է լավագույն մոտեցումը։ Այն դրական արդյունք է տվել Չինաստանում, Հարավային Կորեայում եւ Սինգապուրում։





























