Հայաստանի Ազգային անվտանգության խորհուրդը ապրիլի 22-ին հաստատել է Հայաստանի պարենային անվտանգության ապահովման հայեցակարգը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նա նշեց, որ այդ հայեցակարգը գերակա նշանակություն ունի ՀՀ ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից: Ըստ Բաղդասարյանի` պարենային անվտանգության հայեցակարգը հետապնդում է մի քանի կարեւոր նպատակներ, մասնավորապես` բարձրացնել ՀՀ պարենային անվտանգության ապահովման եւ պարենային ինքնաբավության մակարդակը: «Այսօր ՀՀ պարենային ինքնաբավության ապահովման մակարդակը շուրջ 58 տոկոս է, ինչը հեռու է բավարար լինելուց, որովհետեւ ինքնաբավ են համարվում այն երկրները, որտեղ պարենային ինքնաբավությունը գերազանցում է 80 տոկոսը»,- նշեց ԱԱԽ քարտուղարը:
Նրա խոսքով`ակնկալվում է, որ 2015-2016 թվականներին Հայաստանը կկարողանա ունենալ ինքնաբավության միջազգային չափանիշներին համապատասխանող մակարդակ: «2015 թվականին նախատեսվում է ինքնաբավության մակարդակը հասցնել 77 տոկոսի, իսկ 2020 թվականին ունենալ 84 տոկոսանոց արդյունք»,- նշեց ԱԱԽ քարտուղարը:
Նրա խոսքով` պարենային անվտտանգության հայեցակարգի ներդրմամբ Հայաստանում կխթանվի տեղական արտադրանքը, հատկապես գյուղմթերքենրի արտադրության բանգավառում: Սահմանվում են մատչելի եւ երկարաժամկետ վարկավորման մեխանիզմներ, որոնք կտրվեն գյուղացիներին եւ գյուղացիական տնտեսություններին, ինչպես նաեւ ագրոպարենային համակարգում ներգրավված արդյունաբերական ձեռնարկություններին: Ներդրվում են ապրանքային վարկավորման երկարաժամկետ մեխանիզմներ` գյուղատնտեսական մեխանիզմների, ցերմնացուների եւ այլ անհրաժեշտ նյութերի առումով:





























