ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլյան հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ նշանակում է միայն այն, որ ԱՄՆ-ը ցանկանում է ընդգծել իր դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Այսօր կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեց ՀՅԴ  Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Նրա խոսքով` կազմակերպելով այդ հանդիպումը, Վաշինգտոնը ցանկանում է ասել, որ բանակցությունների ողջ ծանրությունը միայն Մոսկվայի ուսերին չէ:

«Քանի որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումն իրականացվում էր հենց Մոսկվայի հովանու ներքո, կազմերպելով համանախագահների հանդիպումը Քլինթոնի հետ, Վաշինգտոնը ցանկանում է ասել, որ ղարաբաղյան գործընթացում Ռուսաստանն ամեն ինչ չէ որոշում:  Այլ բացատրություն այն բանին, թե ինչու են եռանախագահները հանդիպում համանախագահող երկրներից միայն մեկի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ, չկա»,- ընդգծել է Մանոյանը: