Հանրային հեռուստաընկերությունն այսօրվա դրությամբ տեխնիկական վերազինման եւ եթերաժամանակի հարցի վերանայման խնդիր է դրել իր առջեւ, ուստի առանց լրացուցիչ ֆինանսական ռեսուրսների լուծել այս խնդիրը պարզապես անհնար է: Այս մասին մարտի 18-ին ՀՀ ԱԺ-ում գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նիստին «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Վահեն Դանիելյան:
Նա, մասնավորապես, հիշեցրեց, որ մինչեւ 2014 թվականը Հանրային հեռուստաընկերությունն իրավունք ուներ գովազդային հոլովակներ տեղադրել, բայց օրենքում փոփոխություններ կատարելուց հետո զրկվել էր այդ եկամուտներից:
«Եվ հենց այդ պատճառով այս օրինագծով առաջարկվում է Հանրային հեռուստաընկերությանը թույլ տալ մինչեւ 5 րոպե տեւողությամբ գովազդներ հեռարձակել: Ընդ որում, անվճար սոցիալական գովազդը կհեռարձակվի 00:00-ից մինչեւ 18:00-ը, իսկ վճարովի գովազդը` 18:00-ից մինչեւ 00:00-ն», - պարզաբանեց Դանիելյանը:
Բավական երկար քննարկումներից հետո խորհրդարանական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց առաջարկվող օրենսդրական նախաձեռնությանը:




























