Չինական իշխանությունները կտրականապես բողոք են հայտնում՝ կապված ԱՄՆ մի շարք ներկայացուցիչների հայտարարությունների հետ, որոնք նոր կորոնավիրուսի տարածման մեջ փորձում են մեղադրել Չինաստանին։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք կտրականապես դեմ ենք, որպեսզի ամերիկյան կողմը սեւացնի Չինաստանին՝ մեր երկրի հետ կապելով աշխարհում կորոնավիրուսի տարածման խնդիրը։ Մենք դեմ ենք այդպիսի զրպարտությանը,- ասել է նա պարբերական ճեպազրույցում,- Ինչ վերաբերում է վիրուսի ծագման պատճառներին, դա խնդիր է, որով պետք է գիտությունը զբաղվի։ Հիշեցնեմ, որ միջազգային հանրությունը կտրականապես դեմ է նրան, որ համավարակը նույնականացվի որեւէ կոնկրետ պետության կամ տարածաշրջանի հետ»։

Դիվանագետի խոսքերով՝ Վաշինգտոնը պետք է հաշվի առնի Պեկինի դժգոհությունը եւ կասեցնի առողջապահության ոլորտում իրավիճակի գլոբալ վատացման մեջ չինական կողմի մեղավորության մասին սխալ դատողությունները։ «Պնեւմոնիան տարածվում է աշխարհով մեկ, եւ մեզ անհրաժեշտ է համերաշխություն դրսեւորել համաճարակի դեմ պայքարելու համար։ Պատասխանատվությունը ուրիշի վրա գցելը չի օգնի ԱՄՆ-ին հաղթել վիրուսին»,- ամփոփել է Շուանը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին COVID-19 կորոնավիրուսի բռնկումը համավարակ է հայտարարել։ Աշխարհում վարակված է ավելի քան 190 000 մարդ՝ 152 երկրներում, մոտ 8000 մարդ մահացել է։