Վարչական դատարանը վճռել է մերժել Սամվել Անդրանիկի Բաբայանի հայցն ընդդեմ Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության՝ 2006 թվականի սեպտեմբերի 11-ի հաշվառումից հանելու վերաբերյալ այլեւս իրավաբանական ուժ չունեցող վարչական ակտը ոչ իրավաչափ ճանաչելու եւ որպես ածանցյալ պահանջ՝ ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի Վ.Մամիկոնյան փողոցի թիվ 19 շենքի բնակարան 10 հասցեում եւ ԼՂՀ ընտրողների ռեգիստրում հաշվառումը, ԼՂՀ քաղաքացու ընտրական իրավունքը վերականգնելու պահանջների մասին: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ Ոստիկանության ֆեյսբուքյան էջից։
Վարչական դատարանը գտել է, որ հայցվոր Սամվել Անդրանիկի Բաբայանին հաշվառումից հանելու գործընթացի իրավաչափությունը չի կարող ստուգվել ներկայացված հայցատեսակի՝ ճանաչման հայցի շրջանակներում, այլ այն կարող է ստուգվել ԼՂՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ վիճարկման հայց ներկայացնելու վարույթի շրջանակներում:
Հայցվորը զրկված էր նման հայց ներկայացնելու իրավունքից, քանի որ վարչական ակտն ընդունվելու պահից անցել էր շուրջ 13 տարի, եւ բաց էր թողնված դատավարական ժամկետը՝ երկու ամիս:
Միեւնույն ժամանակ հարկ ենք համարում նշել, որ ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ոչ իրավաչափ ճանաչելու այլեւս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը, եթե հայցվորն արդարացիորեն շահագրգռված է ակտը ոչ իրավաչափ ճանաչելու մեջ՝ հետեւյալ նպատակներով.
-առկա է նմանատիպ իրավիճակում նմանատիպ միջամտող վարչական ակտ կրկին ընդունելու կամ գործողություն կրկին կատարելու վտանգ.
-հայցվորը մտադիր է պահանջել գույքային վնասի հատուցում, կամ
-դա նպատակ է հետապնդում վերականգնելու հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
Սակայն հայցվորը հետապնդել է վիճարկման հայցին բնորոշ՝ որոշակի իրավունքներ վերականգնելու նպատակ:
Հ.Գ. Եթե հայցվորն արդարացիորեն շահագրգռված էր ճանաչման հայցով ակտը ոչ իրավաչափ ճանաչելու մեջ, կարող էր վճիռը բողոքարկել Արցախի Հանրապետության վերաքննիչ դատարան:





























