Իտալիայի կառավարությունը, մահվան դեպքերի աճի եւ կարանտինի խախտումների քանակի հետ կապված, սպառնացել է արգելել դրսում ֆիզիկական վարժությունները։
Իտալիան խիստ սահմանափակումներ է մտցրել տեղաշարժի համար, որպեսզի կասեցնի հիվանդության տարածումը։ Սակայն սահմանափակումներ մտցնելուց մեկ շաբաթ անց հիվանդությունը դեռեւս տարածվում է, եւ երկրի հյուսիսում հիվանդանոցները լիքն են, հայտնում է Reuters-ը։
Լոմբարդիայի հյուսիսային շրջանը, որը գտնվում է համավարակի դեմ պայքարի առաջին գծում, վերջերս թոշակի անցած բուժաշխատողներին խնդրել է վերադառնալ աշխատանքի եւ օգնել գործընկերներին։
Վերջին 24 ժամվա ընթացքում մահացածների թիվն ավելացել է 475-ով, ինչը ամենամեծ ցուցանիշն է փետրվարի 21-ին բռնկման սկզբից ի վեր։ Վարակման հաստատված դեպքերի ընդհանուր թիվն աճել է 4 207-ով՝ հասնելով 35 713-ի։
«Ես կարծում եմ, որ առաջիկա ժամերին մենք ստիպված կլինենք վերանայել ակտիվ հանգստի ամբողջական արգելքի հնարավորությունը»,- պետական RAI հեռուստաալիքին հայտարարել է սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորան։
Կարանտինի կանոններն արգելում են բոլոր ոչ էական ուղեւորությունները, սակայն թույլ են տալիս մարդկանց ամենօրյա ֆիզիկական վարժություններ անել դրսում։ Սահմանափակումները պահպանելու նպատակով ոստիկանությունը վերջին շաբաթվա ընթացքում կանոնները խախտելու համար կալանավորել է ավելի քան միլիոն մարդու, պատասխանատվության ենթարկել մոտ 43 000 մարդու, հայտնել է ՆԳՆ-ն։
Պաշտոնյաները նախազգուշացրել են, որ եթե առաջիկա օրերին նոր դեպքերի թիվը չնվազի, իրենք կարող են երկարաձգել մեկուսացման ռեժիմը։





























