Հորդանանի զինված ուժերը կորոնավիրուսի կանխման արտակարգ միջոցառումների շրջանակում այսօր ամբողջությամբ արգելափակում է թագավորության մայրաքաղաք Ամմանի բոլոր մուտքերը: Այս մասին նշված է բանակային հրամանատարության հայտարարության մեջ, որը փոխանցել է Petra գործակալությունը:

«Ամմանի մուտքերը փակվելու են առավոտյան 07:00-ից,- նշված է հայտարարության մեջ: - Բացառություն կարվի միայն հատուկ անցաթուղթ ունեցող անձանց համար»:

Հրամանատարությունն ընդգծում է, որ ուժի մեջ է մտնում նաեւ երկրի նահանգների միջեւ հպատակների տեղաշարժման արգելքը: «Մայրաքաղաքում եւ շրջաններում ավտոտրանսպորտի երթեւեկությունը խստորեն սահմանափակվելու է,- նշված է հաղորդագրության մեջ: - Մարդկանց թույլ է տրվում տներից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում»: Հորդանանի զինվորականները հույս ունեն, որ Աբդալլահ II թագավորի հպատակները «կառավարության սահմանած կանոնների կատարմանը կվերաբերվեն ամբողջ պատասխանատվությամբ»:

Հորդանանի միապետը երեքշաբթի հավանություն էր տվել Օնար Ռազազի կառավարության առաջադրած 12 կետից բաղկացած արտակարգ միջոցառումների ծրագրին, որը մասնավորապես նախատեսում է պետական հաստատությունների, ձեռնարկությունների եւ հասարակական տրանսպորտի աշխատանքի դադարեցում, թերթերի եւ ամսագրերի հրատարակման դադարեցում, առեւտրի կենտրոնների, կինոդահլիճների եւ մարզական ակումբների փակում: Բացառություն է արվել միայն սննդամթերքի խանութնորի համար, ընդ որում՝ իշխանությունները շեշտում են, որ թագավորությունում պարենի պաշարները կբավականցնեն մեկ տարի:

Երկիր վերադարձող բոլոր քաղաքացիները պարտադիր կարգով 14 օրով կուղարկվեն կարանտինային ճամբարներ: Զբոսաշրջության նախարարության տվյալների համաձայն` վերջին երկու օրվա ընթացքում Հորդանան ժամանած մոտ 1.9 հազար արտասահմանցի հյուր այժմ կարանտինացված է Մեռյալ ծովի առողջարանային գոտում, եւս 3 հազարը` Ամմանի հյուրանոցներում:

Մարտի 10-ին Հորդանանի կառավարությունը քաղաքացիներին արգելեց մեկնել Լիբանան, Սիրիա եւ Իրաք` կորոնավիրուսի վարակի վտանգի պատճառով: Այնուհետեւ թագավորության իշխանությունները դադարեցրեցին ուղեւորային հաղորդակցությունը Հորդանան գետի Արեւմտյան ափի հետ եւ փակեցին Եգիպտոսի հետ ծովային սահմանը: Այս պահի դրությամբ Հորդանանում կորոնավիրուսով վարակման 52 դեպք է հայտնաբերվել, մահացած պացիենտներ չկան: