Նյու Յորքի ֆոնդային բորսայում կորոնավիրուսի տարածման պատճառով աճուրդները ժամանակավորապես կանցկացվեն միայն էլեկտրոնային ռեժիմով: Այս մասին նշվում է չորեքշաբթի օրը աճուրդային հարթակի կայքում հրապարակված հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նյու Յորքի եւ Սան Ֆրանցիսկոյի (Կալիֆորնիա) բորսայական դահլիճները կփակվեն երկուշաբթի` անձնակազմի եւ ներդրողների վարակումը թույլ չտալու նպատակով:

Փաստաթղթում ընդգծվում է, որ «աճուրդը եւ կարգավորիչ վերահսկողությունը Նյու Յորքի ֆոնդային բորսայում գրանցված բոլոր արժեթղթերի նկատմամբ կշարունակվեն առանց ընդհատման»:

«Նյու Յորքի ֆոնդային բորսայի աճուրդային դահլիճները հատուկ նշանակություն ունեն էմիտենտների եւ ներդրողների համար, սակայն մեր շուկաները լիովին կարող են գործել էլեկտրոնային եղանակով` բոլոր մասնակիցներին սպասարկելու համար, մինչեւ մենք կրկին կբացենք սրահները»,- նշել է աճուրդային հարթակի նախագահ Սթեյսի Կանինգեմը: Նա, սակայն, չի մանրամասնել, թե դահլիճները կոնկրետ երբ կկարողանան կրկին հասանելի դառնալ այցելությունների համար: