Սուրբ Հարության տոնը, որ ազգաբնակչության շրջանում առավել հայտնի է որպես Զատկի տոն, մարդկանց մոտ հոգեւոր ջերմ զգացողություններ առանձնապես չի առաջացնում եւ երեւանցիների զգալի մասն այն տոնում է սովորության ուժով։ NEWS.am-ի թղթակցին հանդիպած միայն մի քանի մարդիկ նշեցին, որ տոնի մեջ հոգեւոր խորհուրդ են տեսնում եւ Սուրբ Հարության տոնին անպայման եկեղեցի են այցելում։

Գեւորգյան ճեմարանի նախկին սան, ներկայումս ճարտարապետ Արմանն, օրինակ, ասաց, որ իրեն հարգող եւ իսկական հավատացյալ համարող հայը Զատկի տոնին անպայման պետք է եկեղեցի գնա, պատարագ լսի, իսկ հետո գա տուն եւ վայելի զատկական սեղանի բարիքները՝ ներկած հավկիթ, ձուկ, չամչով փլավ, կանաչեղեն եւ գինի։

Տնային տնտեսուհի տիկին Նաիրան էլ ասաց, որ Հարության տոնն իր եւ իր ընտանիքի անդամների համար լուսավոր եւ ուրախ տոն է, որը թույլ է տալիս մեկ հարկի տակ հավաքել բոլոր երեխաներին ու թոռներին, նրանց հետ վայելել օրվա խորհուրդ հանդիսացող հավկիթն ու ձուկը։

Նույն ջերմեռանդությունը չարտահայտեցին մեր մյուս համաքաղաքացիները, որոնցից մի քանիսն ընդհանրապես չկարողացան բացատրել տոնի էությունը, որոշներն էլ Զատիկը շփոթեցին... Սուրբ ծնունդի հետ։

Համակարգչային  մասնագետ Արշալույսն օրինակ, ասաց, որ այնքան զբաղված է առօրեական ու մասնագիտական գործերով, որ Սուրբ Հարության տոնն իրեն ամենաքիչը հետաքրքրող իրադարձություններից է, եւ ինքը երբեք դրա էության մեջ չի խորացել։ «Միայն գիտեմ, որ այդ օրը ձու են  ներկում եւ սեղանին  ձուկ ու կանաչեղեն դնում»,- ասաց ն ա։

Տնտեսագետ Հովհաննեսն էլ նշեց, որ սոցիալ-տնտեսական ներկայիս ծանր պայմաններում Զատկի սեղանը որոշ առումով ճոխություն է եւ այդ է պատճառը, որ իրենց սեղանին  ձկնեղեն, որպես կանոն, չի լինում։  

Ընդհանուր առմամբ, հարցվածների մեծամասնությունը նշեց, որ զատկական սեղանի համար շուրջ 10 հազար դրամ է ծախսում, այն դեպքում, երբ խոհարար Նորայրն ասաց, որ ինքն այդ օրը ծախսում է 20-30 հազար դրամ։

Նշենք, որ Զատկի տոնը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը, որը նշանակում է զատում, բաժանում մեղքերից եւ վերադարձ առ Աստված: Զատիկը հին եւ նոր կտակարաններում ընդգրկված է հինգ տաղավար տոների շարքում: 

Սուրբ Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, ապա` մատուցվում սուրբ պատարագ: