Լիբանանի The Daily Star թերթը հարցում է անցկացրել Բեյրութի բնակիչների շրջանում`պարզելու, թե ի?նչ է նրանց հայտնի ապրիլի 24-ի` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա մասին:
Թերթը նշում է, որ այս տարի հիշատակի օրը համընկել է Սուրբ Զատիկի հետ, ինչի կապակցությամբ հայերին պատկանող բոլոր ընկերություններն ու խանութները դրա հաջորդ օրը` ապրիլի 25-ին փակ կլինեն:
Հարցումը ցույց է տվել, որ շատ անցորդներ տեղյակ են այդ օրվա մասին: «Մի րոպե, թույլ տվեք մտածել…Այո, դա ողբերգություն էր: Հայերի ցեղասպանությունը 20-րդ դարի սկզբին»,– ասել է 60-ամյա Թոնի Օտտավան:
Հարցվածներից շատերն ասել են, թե գիտեն, որ դա կապված է հայերի եւ թուրքերի հետ, թեեւ մանրամասներ դժվարացել են նշել:
«Այդ օրը նշվում է որպես Հայոց ցեղասպանության տարելից: Դա այն օրն է, երբ մենք հիշում ենք հայերին, որոնք սպանվել են 1917 թ. երիտթուրքերի հեղափոխության ժամանակ: Այս տարի այն համընկնում է Զատիկի հետ: Մի ամբողջ սերունդ հանդիսանում է տեղահանվածների հետնորդը»,– ասել է 63-ամյա Պաուլան:
Իհարկե, եղել են նաեւ այնպիսիք, ովքեր չեն իմացել օրվա մասին, սակայն, ըստ The Daily Star-ի, նրանք փոքրամասնություն են կազմել:



























