Կորոնավիրուսով բոլոր վարակվածներին, ինչպես նաեւ բուժաշխատողներին, նրանց բարեկամներին եւ բոլորին, ով աղոթում է համաճարակի ավարտի համար եւ օգնում է դրանից տառապողներին, շնորհվում է ինդուլգենցիա, ուրբաթ հայտնել է Վատիկանի մամուլի ծառայությունը:

«Ինդուլգենցիա է շնորհվում կորոնավիրուսով վարակված հավատացյալներին, որոնք գտնվում են հիվանդանոցային կամ տնային կարանտինում, ապաշխարել են եւ վերամիավորվել Աստծո հետ հոգեւոր ծառայության ժամանակ, աղոթքի միջոցով հաղորդակից լինելով»,-ասվում է հաղորդագրության մեջ: Այդ պայմանները տարածվում են նաեւ բուժաշխատողների եւ նրանց բարեկամների վրա, որոնք, «հետեւելով բարի սամարացու օրինակին, օգնում են կարիքավորներին՝ վտանգելով իրենց իսկ առողջությունը»:

Ավելի վաղ Իտալացի եպիսկոպոսների կոնֆերանսի արդյունքում որոշվել էր կորոնավիրուսի համաճարակի պատճառով դադարեցնել բոլոր պատարագները եկեղեցիներում: Ընդ որում՝ հենց եկեղեցիները չեն փակվել, իսկ հոգեւորականները շարունակում են անցկացնել ծառայություններ, սակայն առանց հավատացյալ այցելուների: Ավելի վաղ Վատիկանի իշխանությունները հայտարարել էին, որ Ավագ շաբաթի բոլոր ծառայությունները կանցկացվեն առանց հավատացյալների:

Նախքան Սուրբ Զատիկը, որն այս տարի կտոնվի ապրիլի 12-ին, Սուրբ Շաբաթի բոլոր միջոցառումների մասին լրացուցիչ կտեղեկացվի: Ըստ ամենայնի՝ Հռոմի Պապի՝ Սուրբ Զատկին ուղղված ուղերձը կհեռարձակվի ուղիղ եթերում եւ համացանցի միջոցով: Այդ ռեժիմում մարտի 8-ից անցկացվում է կիրակնօրյան ավանդական  պատարագը: