Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Երկրի նախագահը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ այսօր` ապրիլի 24-ի առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել անմար կրակի մոտ:
Սերժ Սարգսյանին ուղեկցել են Գարեգին Բ-ն, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, կառավարության անդամներ:
Գարեգին Բ-ն աղոթք է կարդացել անմեղ զոհերի հոգու հանգստության համար:
Նշենք, որ այս տարի Սուրբ Զատիկի տոնը համընկել է Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի հետ: Հայ առաքելական եկեղեցու որոշմամբ, այսօր առավոտյան Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ տեղի է ունեցել եկեղեցական արարողություն` ի հիշատական ցեղասպանության զոհերի, որից հետո բոլոր եկեղեցիներում տեղի կունենան պատարագներ:
Սուրբ Զատիկի խորհրդին համապատասխան, Ծիծեռնակաբերդում հնչել են նաեւ Զատիկի տոնի գլխավոր խոսքերը. «Քրիստոս հարյավ ի մեռելոց: Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է բազմաթիվ երկրների կողմից: Առաջինը 1965 թվականին դա արել է Ուրուգվայը, որի օրինակին հետեւել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, ԱՐգենտինան, ԱՄՆ 42 նահանգներ: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաեւ Վատիկանը, Եվրախորհրդարանը եւ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:





























