Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի զորքերն ապրիլի 23-ին Միսրատա քաղաքում դադարեցրել են ապստամբների դեմ ռազմական գործողությունները, որպեսզի «հակամարտության խաղաղ լուծումը կարողանան ցեղախմբերը գտնել»: Այդ մասին հայտարարել է Լիբիայի փոխարտգործնախարար Խալեդ Քաիմը:

Նա նաեւ հերքել է ընդդիմության այն հայտարարությունները, թե Քադաֆիի ուժերը Միսրատայից դմել են փախուստի: «Ռազմական ուժերը Միսրատայից չեն հեռացել, նրանք պարզապես դադարեցրել են գործողությունները», -հայտարարել է Քաիմը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ հայտարարվել էր, թե զորքերին քաղաքի մատույցներից հեռանալու հրահանգ է տրվել: Միսրատան արդեն մի քանի շաբաթ դաժան մարտերի թատերաբեմ էր դարձել:

«Ցեղախմբերը պետք է խնդիրը լուծեն 48 ժամվա ընթացքում: Հուսով ենք, որ այն խաղաղ, ոչ թե ռազմական ավարտ կունենա», - ասել է Քաիմը: