Հնդկաստանի հարավային Խիմաչալ Պրադեշ նահանգի Դխարամսալե քաղաքում գտնվող Դալայ լամայի նստավայրը կորոնավիրուսի համավարակի պատճառով փակ է այցելուների համար, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանում, ԱՊՀ երկրներում եւ Մոնղոլիայում Դալայ լամայի ներկայացուցիչ, Կալմիկիայի գերագույն լամա Տելո Տուլկու Ռինպոչեն։

Նրա խոսքերով՝ Հնդկաստանը համավարակի դեմ պայքարում ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ փակ են օդային եւ ցամաքային սահմանները։ «Խիմաչալ Պրադեշ նահանգը նույնպես միջոցներ է ձեռնարկում՝ տեղի իշխանությունները զանգվածային հավաքներն արգելելու հրաման են տվել։ Հավաքվել կարող է չորսից ոչ ավելի մարդ»,- նշել է Ռինպոչեն։

Նա նաեւ հայտնել է, որ 84-ամյա Դալայ լաման «կարանտինի մեջ է», որը համաճարակի սկզբից արվել է «որպես նախազգուշական միջոց», եւ նրա մասնակցությամբ բոլոր միջոցառումները չեղարկվել կամ հետաձգվել են։

Արդեն ավելի քան 60 տարի բուդդայականների համաշխարհային ճանաչում ունեցող հոգեւոր առաջնորդը ապրում է Դխարամսալում։ Նրա նստավայր են այցելում շատ ուխտավորներ եւ տարբեր երկրներից հյուրեր, բուդդայականներ ու այլ հավատի ներկայացուցիչներ։ Բացի այդ, ամեն տարի Դալայ լաման ուսմունքներ է քարոզում հազարավոր մարդկանց՝ դրա համար ճանապարհորդելով ինչպես հնդկական նահանգներում, այնպես էլ արտասահմանում։