Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ միայն Հայաստանին ու հայությանը, այլեւ մարդկությանը կտա այն, որ Թուրքիան ի վերջո, կառերեսվի ու կհաշտվի իր պատմության հետ:
Ինչպես Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, այս մասին այսօր` ապրիլի 24-ին լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
«Դատապարտումը թույլ կտա չկրկնել նմանօրինակ ոճիրները: Օսմանյան կայսրությունում 1915 թվականին կատարվածն իրոք ցեղասպանություն էր եւ ողջ առաջադեմ մարդկությունը մի օր պետք է ճանաչի եւ դատապարտի այդ ոճիրը:
Քանի դեռ ցեղասպանությունը չի ճանաչվել, մտավախություն կա, որ նման ոճրագործությունները կարող են կրկնվել: Թուրքիան պետք է հաշտվի իր պատմության հետ եւ չխուսափի ճանաչումից»,- ընդգծել է իշխող կուսակցության անդամը:
Շարմազանովն անդրադարձել է նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլի 24-ի ամենամյա ավանդական ուղերձին, որտեղ նա հերթական անգամ խուսափել է «ցեղասպանություն» բառն օգտագործելուց, 1915-ին տեղի ունեցածը որակելով որպես «Մեծ Եղեռն»:
«Օբաման մինչեւ ընտրվելն ասել է ցեղասպանություն բառը, որի մասին պետք է հիշել: Ամերիկան եւ նրա ժողովուրդը ճանաչել են Հայոց ցեղասպանությունն, ուղղակի ինչ-ինչ դրդապատճառներից ելնելով, ԱՄՆ նախագահները չեն արտասանում այդ բառը»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է բազմաթիվ երկրների կողմից: Առաջինը 1965 թվականին դա արել է Ուրուգվայը, որի օրինակին հետեւել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, ԱՐգենտինան, ԱՄՆ 42 նահանգներ: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաեւ Վատիկանը, Եվրախորհրդարանը եւ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:





























