Այն ինչ կատարվեց 96 տարի առաջ Օսմանյան Թուրիայում հրեշավոր ոճրագործություն էր: Այդ մասին այսօր` ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ինչպես Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, Պնախարարը նշել է, որ այսօր հիշատակի օրվա հետ մեկտեղ նաեւ ոգեկոչման օր է, քանի որ այդ «վայրագ ցեղերը սպանեցին մեր մարմինները, բայց չկարողացան սպանել մեր հոգիները»:
«Պաշտպանության նախարարության համար սա պարտավորեցնող օր է, եւ հայ ժողովրդի ողջ պատմության ընթացքում մեր անվտանգությունն այսօր ամենաբարձր մակարդակի վրա է: Մենք ունենք 20 տարեկան կանոնավոր բանակ, որը պատվով է լուծում հայ ժողովրդի պաշպանության խնդիրը»,- ասաց Օհանյանը:
Անդրադառնալով Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացին` նա նշեց, որ միջազգային ճանաչումը շատ կարեւոր է, որպեսզի մյուս ազգերի հանդեպ նման ոճրագործություններ չիրագործվեն:
Նշենք, որ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է բազմաթիվ երկրների կողմից: Առաջինը 1965 թվականին դա արել է Ուրուգվայը, որի օրինակին հետեւել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, ԱՐգենտինան, ԱՄՆ 42 նահանգներ: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաեւ Վատիկանը, Եվրախորհրդարանը եւ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:





























