Միացյալ Նահանգները պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտարարեց շվեց պատգամավոր, Հայաստան- Շվեդիա պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Անելի Էնոքսոնը (Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն) այսօր` ապրիլի  24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո:

Նրա խոսքով` շվեդական խորհրդարանի կառավարող թեւին անհրաժեշտ եղավ մեծ ջանքեր ներդնել` Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու համար: «Շվեդիան Թուրքիայի համար բարեկամ երկիր է, բայց մենք քաջություն ունեցանք դա անելու: Այդկերպ պետք է վարվեն նաեւ մյուս երկրները», - ընդծեց Անելի Էնոքսոնը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Շվեդիայի Լիբերալ կուսակցության ներկայացուցիչ Ֆրեդրիկ Մալմն էլ իր հերթին նշեց, որ մոտ ապագայում Թուրքիան չի ճանաչի ցեղասպանությունը:  Սակայն երկարաժամկետ հեռանկարում Թուրքիան ստիպված կլինի ընդունել իրականությունը, վստահ է շվեդ պատգամավորը:

Նշենք, որ օրերս Անելի Էնիքսոնն ու Ֆրեդրիկ Մալմը Շվեդիայի Ռիկստագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ունեցած ներդրման, հայ- շվեդական միջխորհրդարանական կապերի խորացման եւ զարգացման համար պարգեւատրվել էին Հայաստանի Ազգային ժողովի Պատվո մեդալով:

Հիշեցենենք, որ այս տարվա ապրիլքսանչորսյան ուղերձում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր նախագահ դառնալուց ի վեր երրորդ անգամ Հայոց ցեղասպանության հիշատակի օրն ավանդական ուղերձով դիմեց հայ համայնքին: Սակայն, ինչպես նախորդ անգամներին, այս անգամ եւս նա օգտագործեց «Մեծ Եղեռն» եզրը, չցանկանալով 1915 թվականին Թուրքիայում տեղի ունեցածը որակել որպես Ցեղասպանություն: