Աշխարհաքաղաքական գործընթացներում Թուրքիայի դերն օրեցօր բարձրանում է, սակայն չի կարող լինել այնպես, որ հայ ժողովուրդը ճիշտ քայլեր իրականացնելու դեպքում, ցանկալի արդյունքի չհասնի: Այս մասին այսօր` ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Գասպարի Սարգսյանը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

«Ճանաչումն ինքնապատակ չէ: Մենք ի սկզբանե ենք պահանջատեր եղել եւ փոխհատուցումը, կլինի բարոյական նյութական, թե տարածքային, մի օր պետք է իրականություն դառնա»,- ասել է նա:

Նրա խոսքով, մինչեւ ցեղասպանության 100-ամյա տարելիցը պետք է ունենալ միասնական հայեցակարգը, որը կնպաստի ճանաչման գործընթացին, իսկ եթե 100-ամյակից հետո ճանաչումը տեղի ունենա, ապա հայ ժողովուրդը պետք է այլ քայլեր ձեռնարկի: Նա, սակայն, չի մասնավորեցրել, թե ինչ քայլերի մասին է խոսքը: