Ապրիլի 17-23-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ:

ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շփման գծի գրեթե բոլոր ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա արձակել են ավելի քան 1700 կրակոց, որից մոտ 800-ը` միայն ապրիլի 17-ին:

«Հատկանշական է, որ այդքանից հետո, ադրբեջանական քարոզչամեքենան ինչպես միշտ, այնպես էլ անցած շաբաթվա ընթացքում տեղեկություններ էր տարածում առ այն, թե իբր հրադադարի խախտման նախաձեռնողը հայկական կողմն է: Դեռ ավելին, ապրիլի 20-ին եւ 22-ին պաշտոնական Բաքուն շտապեց իր բանակում միջանձնային ոչ կանոնադրական փոխհարաբերությունների հիմքի վրա տեղի ունեցած երեք զինվորների վիրավորման դեպքերը ներկայացնել որպես ՊԲ-ի կողմից իրականացված նախահարձակ գործողությունների հետեւանք:

Չնայած հակառակորդի դրսեւորած ակտիվությանը, այդուամենայնիվ շփման գծի ողջ երկարությամբ ՊԲ-ի ստորաբաժանումները շարունակել են պահպանել հրադադարի ռեժիմը եւ միաժամանակ վստահորեն իրականացրել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը»,- ասված է ԼՂՀ ՊԲ տարածած հաղորդագրության մեջ: