Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպանները Ստամբուլի «Հայդարփաշա» երկաթգծի կայարանում Հայոց ցեղասպանոթյան զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն են իրականացրել եւ հանդես եկել հայտարարությամբ։

Թուրքական Bianet-ի փոխանցմամբ՝ «Ցեղասպանությունը մարդկության դեմ հանցանք է» կարգախոսով եւ 1915-ի ապրիլի 24-ին ձերբակալված եւ մահվան ուղարկված հայ մտավորականների նկարներով ակցիա էր կազմակերպել Մարդու իրավունքների պաշտպանության միության Ստամբուլի մասնաճյուղը։

Ստամբուլի «Հայդարփաշա» կայարանում հավաքվածները հարգել են 1915-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը եւ ձեռքների մեխակները գցել ծովը։  Մարդու իրավունքների պաշտպանները այնուհետեւ հանդես են եկել հայտարարությամբ՝ քննադատելով հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը։ «Այն ժամանակվա իշխանությունները Անատոլիա հայերի գոյությանը վերջ տվեցին։ Բռնագրավվեցին հայերի ունեցվածքն ու գումարները»,-նշվել է հայտարարության մեջ։

Հիշատակի միջոցառման ընթացքում մոտ 15 սադրիչներ, որոնց մեջ եղել են նախկին դիվանագետներ եւ պաշտոնաթող գեներալ Էդիփ Բաշերը, մոտեցել են հավաքվածներին եւ բղավել, թե  թուրքերը ոչ մի ցեղասպանություն չեն իրականացրել։