Թուրքիայում  2 տարբեր հասարակական նախաձեռնություններ ապրիլի 24-ին կազմակերպել էին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններ:  Ազգայնականության եւ ռասիզմի դեմ պայքարող Irkçılığa ve Milliyetçiliğe Dur De նախաձեռնությունը 4 քաղաքներում` Ստամբուլում, Դիարբեքիրում, Բոդրումում եւ Իզմիրում իրականացրեց 1915-ի հայ նահատակների ոգեկոչման միջոցառումներ` «Այս ցավը բոլորինս է» կարգախոսով:

Իսկ ահա «Ցեղասպանությունը մարդկության դեմ հանցանք է» կարգախոսով եւ 1915-ի ապրիլի 24-ին ձերբակալված եւ մահվան ուղարկված հայ մտավորականների նկարներով ակցիա էր կազմակերպել Մարդու իրավունքների պաշտպանության միության Ստամբուլի մասնաճյուղը։ Թուրք իրավապաշտպանները նախ սգո միջոցառում էին կազմակերպել Ստամբուլի «Հայդարփաշա» երկաթգծի կայարանում, որտեղից 1915-ին մահվան էին ուղարկվել հարյուրավոր պոլսահայ մտավորականներ: Այնուհետ իրավապաշտպանները տեղափոխվել են Ստամբուլի  Թուրքական եւ իսլամական ստեղծագործությունների թանգարանի դիմաց, քանի որ 1915-ին ձերբակալված հայազգի մտավորականները մինչեւ մահվան ուղարկվելը պահվել էին այդտեղ:

Թուրք իրավապաշտպանների անունից հայտարարությամբ հանդես եկած Էրեն Քեսքինը նշել է, որ 1915-ը ցեղասպանություն էր, իսկ ցեղասպանությունը մարդկության դեմ հանցանք է:

Թուրքիայի 4 քաղաքներում Irkçılığa ve Milliyetçiliğe Dur De նախաձեռնությունը միաժամանակ սկսել է 1915-ի նահատակների հիշատակման միջոցառումները: Ստամբուլում մոտ 500 հոգի հավաքվել են Թաքսիմի հրապարակում, մոմերով եւ ծաղիկներով, հայկական երաժշտության դանդաղ հնչյունների տակ հարգել են հայ նահատակների հիշատակը:

Հավաքվածների անունից հայտարարությամբ է հանդես եկել Զեյնափ Թանբայը. «1915-ի ապրլի 24-ին այս երկրում մյուս ժողովուրդների հետ միասին դարերով կողք-կողքի ապրում էին հայեր, ովքեր  պետության կողմից բռնի տեղահանվեցին, ամեն տեսակ բռնության ենթարկվեցին եւ 100 հազարներով սպանվեցին միայն նրա համար, որ հայ էին։ Այդ թվականից հետո թուրքական պետությունը եւ կառավարությունները այդ սարսափելի իրադարձությունը փորձել են ծածկել, բայց չի ստացվել։ Այն ոչ մի պատճառաբանությամբ չի կարող արդարացվել։  Այդ մահացու տեղահանությունը՝ մարդկության դեմ իրականացված հանցանք է: Մենք պետք է արդեն վերջ տանք դրան։ Դրա համար մենք այս երկրի ճակատը եւ խիղճը ճերմակ տեսնել ցանկացողներին հրավիրում ենք շատ ուշացած իրենց մարդկային պարտականության կատարմանը: Կոչ ենք անում՝ ապրիլի 24-ը հայտարարել բոլորիս սգո օրը »:

Նշենք, որ «Հայդարփաշա» կայարանում Հիշատակի միջոցառման ընթացքում մոտ 15 սադրիչներ, որոնց մեջ եղել են նախկին դիվանագետներ եւ պաշտոնաթող գեներալ Էդիփ Բաշերը, մոտեցել են հավաքվածներին եւ բղավել, թե  թուրքերը ոչ մի ցեղասպանություն չեն իրականացրել։

Ոստիկանությանը հաջողվել հսկողության տակ պահել իրավիճակը:

Իսկ Թաքսիմի հրապարակում տեղի ունեցած միջոցառումը  փորձել են խանգարել ֆաշիստ թուրքերից կազմված 150 հոգանոց մի խումբ, ովքեր հակահայկական վիրավորական կարգախոսներ են հնչեցրել` վանկարկելով նաեւ Հրանտ Դինքի մարդասպան Օգյուն Սամասթի անունը։

Թաքսիմի հրապարակում հակահայկական միջոցառում է իրականացրել նաեւ «Ժողովրդի փրկություն» կուաակցությունը, որի մասնակիցները պնդել են, թե Հայոց ցեղասպանությունը Սեւրի խաղերից եւ հակահայկական կարգախոսներ հնչեցրել:

Ոստիկանությունը անվտանգության նկատառումներով  օղակի մեջ է վերցրել «Այս ցավը բոլորինս է» միջոցառման մասնակիցներին, ովքեր միջոցառման ավարտից հետո հանգիստ հեռացել են:

 

Լուսանկարները` Ալին Օզինյանի