ԵԱՀԿ Մինսկի խումբը կողմերին այս կամ այն որոշումն ընդունել ստիպելու իրավասություն չունի։ Day.Az-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դոցենտ Ռուսլան Շամգունովը։

Նրա խոսքով, հետաքրքիր կլիներ տեսնել, թե ինչ որոշում կստիպեր ԵԱՀԿ Մինսկի խումբը, եթե կողմերին որեւէ բան ստիպելու իրավասություն ունենար։ «Քանի որ նրանք այդ բանն անել չեն կարող, մնում է միայն համոզելը։ Իսկ համոզելն ավելի երկար գործընթաց է, որը, վաղ թե ուշ, արդյունքի է բերում։ Հարցն այլ բանում է. ո՞ր կողմը կհամբերի մինչեւ իր համար դրական արդյունքների ստանալը։ Դատելով ամենից՝ Ադրբեջանի համբերությունը սպառվում է, այդ է պատճառը, որ նրա մոտ հարց է առաջանում ՝ ինչո՞վ են զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»,- հայտարարել է նա։

Նշենք, որ փետրվարի  վերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը քննադատության էր ենթարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը։ Նա հայտարարել էր, որ վերջիններիս ջանքերն արդեն 19 տարի է՝ արդյունք չեն տալիս։

Երեւանում Բաքվի հռետորաբանությունը գնահատել էին որպես միջնորդների վրա ճնշում: