Համաձայն հայ եւ ռուս մասնագետների տվյալների` Հայաստանում հայտնաբերվել են ուրանի 34 հանքավայրեր եւ երեւակումներ (եւ մասնակիորեն թորիում)։ Այդ մասին, ըստ «Էկոլուրի», նշված է ռուսական «Горный журнал» գիտական հանդեսի 2007թ. 6-րդ համարում՝ Հ. Պ. Ալոյանի «Հայաստանի ռադիոակտիվ հումքի ռեսուրսային պոտենցիալը եւ նրա յուրացման հեռանկարները» հոդվածում:
Սույն հրապարակման մեջ մանրամասն նշված են այն վայրերը, որտեղ ուրան է հայտնաբերվել։ Այսպես՝ կանխատեսվող ռեսուրսները Փխրուտի հանքավայրում կազմում են մոտ 20 հազար տոննա` ուրանի 0,2 տոկոս միջին պարունակությամբ: Ուրանի միջին պարունակությունը Անդիի հանքավայրում կազմում է 0,34 տոկոս, կանխատեսումային ռեսուրսները 5-10 հազար տոննա են: Ամուլսարի երեւակումների 5 տարածքներում մոտավորապես հաշվվել է 76 տոննա ուրան, իսկ հաշվի առնելով ուրանի առկայությունը թորիումի տարածքում` նրա պաշարները կարող են գնահատվել մինչեւ 100 տոննա: Վայքում ուրանի երեւակումների կանխատեսվող ռեսուրսները գնահատվում են 20-30 հազար տոննա: Վեդու երեւակումների խումբը, ըստ կանխատեսումների, պարունակում են 10-15 հազար տոննա ուրան:
Այս տեղեկատվությունը հետաքրքիր է նրանով, որ Ամուլսարի հանքավայրը (գտնվում է Վայոց Ձորում՝ Գնդեվազ գյուղի հարեւանությամբ) արդեն իսկ շահագործվում է, այնտեղ արդյունահանվում է արճիճ։ Սակայն հանքի աշխատակիցները «Էկոլուրին» վստահեցրել են, որ նաեւ ռադիոակտիվ ճառագայթում են զգում։ Չի բացառվում, որ արճիճի հետ նույն հանքավայրում նաեւ ուրան կա։
Հիշեցնենք, որ Հայաստանում ներկայում ուրանի հետախուզման աշխատանքներ են տարվում Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքի մերձակայքում։ Աշխատանքներն իրականացնում է «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպությունը», որի բաժնետերերն են Հայաստանի կառավարությունը եւ «Ռոսատոմը»:





























