Ժամանակակից Թուրքիան, ըստ էության, շարունակում է հայերի նկատմամբ Օսմանյան կայսրության ցեղասպան քաղաքականությունը` ակտիվորեն աջակցելով Ադրբեջանի դիրքորոշումը ղարաբաղյան հարցում: Այդ մասին Երեւանում հայ-թուրքական հարաբերություններին նվիրված միջազգային խորհրդաժողովին հայտարարել է Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր, Եվրոպական կրթական ակադեմիայի ռեկտոր Անդրանիկ Ավետիսյանը:
Նա ընդգծել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը արդիականացվել է դեռ Հայաստանի անկախության հռչակումից առաջ, սակայն շրջադարձային դարձավ 2009 թվականը, երբ ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները: «Հենց դրանից հետո էլ բացվեց հարաբերությունների կարգավորման իրական շանս, սակայն Անկարան իր ապակառուցողական դիրքորոշմամբ կրկին ցույց տվեց, որ չի ցանկանում հարաբերությունների կարգավորում Երեւանի հետ»,- ամփոփել է գիտնականը:





























