Անհայտ քաղաքացու կողմից այսօր` ապրիլի 25-ին ժամը 13:30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի 4-րդ թաղամասի 22 շենքի բակում մահացած կին կա:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ-քննչական խումբը` բաժնի պետի օպերգծով տեղակալ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
Ըստ ականատեսների, մոտ 30-35 տարեկան կինն ինքնասպան է եղել` ցած նետվելով շենքից: Օպերատիվ-քննչական խմբի ղեկավարը արդեն հանձնարարական է տվել Դավիթաշենի բաժանմունքի աշխատակիցներին, որ ճշտեն կնոջ ինքնությունը եւ պարզեն դեպքի հանգամանքները:
Արդեն դեպքի վայր են հրավիրել դիակ տեղափոխող բրիգադին եւ սպասում են դատաբժշկին: Դիակի զննությունից հետո այն կտեղափոխվի դիահերձարան:




























