Դեռ անցած տարի Գյումրիում շահագործված, սակայն մինչեւ օրս ամբողջովին չբնակեցված Մուշ-2 թաղամասի բնակեցման դանդաղ ընթացքի հիմնական պատճառներից մեկը պարտադրանքն էր, որի համաձայն բնակարան ստացած ընտանիքները պետք է քանդեին իրենց տնակները եւ ազատեին տարածքները: Այս մասին նշում է «Շիրակ Կենտրոն» ՀԿ-ն:
Հայաստանի կառավարությունը 2011 թ. ապրիլի 14-ին նիստում որոշում է կայացրել, ըստ որի աղետի գոտու բազմաբնակարան շենքերից բնակարան ստացած բազմանդամ ընտանիքներին հնարավորություն է տրվել մեկից ավելի տնակ զբաղեցնելու դեպքում բնակությունից չազատել եւ չքանդել դրանցից միայն մեկը, եթե բնակարան ստացած ընտանիքի անդամների թիվը կազմում է`
ա. 1-սենյականոց բնակարան ստանալու դեպքում 5 եւ ավելի անձ.
բ. 2-սենյականոց բնակարան ստանալու դեպքում` 7 եւ ավելի անձ.
գ. 3-սենյականոց բնակարան ստանալու դեպքում` 8 եւ ավելի անձ:
Նշենք, որ Գյումրիի Մուշ-2 թաղամասում 2010-ին կառուցված բազմաբնակարան շենքերից բնակարան ստացող ընտանիքների ցուցակում ընդգրկված են 134 բազմանդամ ընտանիքներ, որոնցից 38 ընտանիքների կողմից զբաղեցրած 47 տնակները քանդվել եւ տարածքներն ազատվել են:
Կառավարության այս որոշման առնչությամբ «Շիրակ Կենտրոնը» նշում է, որ դա դրական է, քանի որ բնակարան ստացած 100-ավոր բազմանդամ ընտանիքներ, մեծ ցանկության դեպքում անգամ տնակները հանձնելիս չեն կարող նոր ստացած 40-65 քմ-անոց բնակարաններում տանելի պայմաններ ստեղծել:
«Սակայն, դժբախտաբար, այս որոշման մեջ խոսք անգամ չկա այլ դրդապատճառներով կիսված այն ընտանիքների մասին, որոնց անդամների մի մասը պարտադրված շարունակում է բնակվել տնակներում: Օրինակ` կան մի շարք դեպքեր, երբ 15 կամ 20 տարի առաջ ամուսնալուծված ամուսիններին տրվում է մեկսենյականոց բնակարան, քանի որ նրանք երկրաշարժից կորցրել են այդքան սենյականոց բնակարան: Մինչ բնակարան ստանալը նրանք բնակվել են տարբեր ժամանակավոր կացարաններում, բայց հիմա նրանց հատկացվել է մեկ բնակարան եւ պարտադրում են երկու տարբեր վայրերում տեղադրված տնակները քանդել, տարածքներն ազատել եւ ապրել նույն բնակարանում: Կամ, ասենք, կան բազմաթիվ դեպքեր, երբ բնակարան ստացած ընտանիքը փաստացիորեն բազմանդամ է, սակայն նրա մի մասին պետությունը տարաբնույթ պատճառներով բնակարան ստանալու շահառու չի ճանաչել»,- նշում է «Շիրակ Կենտրոնը»:





























