Հայ եւ ադրբեջանական համայնքների ղեկավարները հերքել են լրատվամիջոցների տեղեկությունները, թե կիրակի օրը տեղի ունեցած ծեծկռտուքը եղել է ազգային հողի վրա:
«Այդ օրը մենք նշում էինք ողբերգական իրադարձությունները, որոնք տեղի էին ունեցել մեր ժողովրդի հետ շատ տարիներ առաջ` Հայոց ցեղասպանությունը»,- «Կոմսոմոլսկայա պրավդային» ասել է «Ռուսաստանի հայերի միության» տեղական կառույցի ղեկավար Սեյրան Կոճկանյանը:
«Մենք եկեղեցում էինք, ես վերջինն եմ գնացել: Իսկ հետո ինձ զանգեցին եւ պատմեցին, թե ինչ է եղել: Ասացին, որ մի քանի մեքենաներ երթեւեկել են Թուրքիայի դրոշներով եւ վիրավորել են հայերի զգացմունքները: Ես կապվեցի ադրբեջանական համայնքի ղեկավար Ֆայազ Փաշաեւի հետ եւ մենք սկսեցինք փնտրել մեղավորներին»,- ասել է նա:
Իր հերթին ադրբեջանական համայնքի ղեկավար Ֆայազ Փաշաեւը հայտնել է, թե բախումը երիտասարդների ձեռքի գործն է: «Հուսով եմ` նրանց կպատժեն»,- ասել է նա:
Նշենք, որ ապրիլի 24-ին Սիլիկատի գործարանի մոտ փոխհրաձգություն էր եղել, որին ամսնակցել էին հայ եւ ադրբեջանցի մոտ 60 երիտասարդներ: Մարմնական վնասվածքներ են ստացել 7 անձ, 23-ին ձերբակալել են:




























