Ոստիկանության Ստեփանավանի բաժնում ապրիլի 24-ին ժամը 01:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Տաշիր ճանապարհի 4-րդ կմ-ի հատվածում հայտնաբերվել է վառված ավտոմեքենա, որի մեջ եղել է այրված դիակ:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առնչությամբ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Ստեփանավանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ:
Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցները` վարչության պետ Անուբախ Համբարյանի, քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանի, Ստեփանավանի բաժնի պետ Ավետիք Ավետիսյանի եւ Ստեփանավանի քննչական բաժանմունքի պետ Արման Գալստյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում են եղել նաեւ դատական բժիշկը, հրշեջ ծառայության աշխատակիցները ու փորձագետը:
Նշված հատվածում օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել է ՎԱԶ-2107 մակնիշի Տ 8125 համարանիշներով այրված ավտոմեքենա, իսկ վարորդի նստատեղին ինքնությունը չպարզված այրված դիակ: Ականատեսները ֆոտոլրագրողին հայտնել են, որ նշված ավտոմեքենան պատկանում է Երեւանում գրանցված «Ամիգո» տաքսի-ծառայությանը:
Նույն օրը օպերատիվ-քննչական խումբը պարզում է, որ ավտոմեքենան ամրակցված է եղել Կոտայքի մարզի Լուսակերտ գյուղի բնակիչ, 47-ամյա Հուսիկ Բարսեղյանին:
Քննիչի որոշմամբ, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի հատկանիշներով (սպանություն): Դեպքի հանգամանքները պարզաբանելու նպատակով քննիչի որոշմամբ նշանակվել են դատաբժշկական համալիր փորձաքննություններ` հակահրդեհային, դատահրդեհատեխնիկական, դատավտոտեխնիկական եւ մանրաթելային փորձաքննություններ: Արդյունքները ստանալուց հետո քննչական մարմինը նոր կարող է հստակ պատկերացնել տեղի ունեցածի հանգամանքները: Ավտոմեքենան քարշակի օգնությամբ տեղափոխվել է ոստիկանության Ստեփանավանի բաժնի տուգանային հրապարակ:






Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի




























