Բաքվում ապրիլի 26-ին մերձկասպյան երկրների արտգործնախարարների մակարդակով անցկացվել է Կասպից ծովի իրավական կարգավիճակի հարցերով հատուկ աշխատանքային խմբի հերթական նիստը։

Ինչպես հայտնում է SalamNews-ը, Ղազախստանի պատվիրակության ղեկավար, փոխարտտգործնախարար Սարիբայ Կայրատը նշել է, որ իր երկիրը գործադրում է բոլոր ջանքերը ապահովելու համար Կասպից ծովի անվտանգությունը։

Նա նաեւ հայտնել է, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին հռչակագրի մշակման համար կողմերը հաջորդ անգամ կհանդիպեն Աստանայում։

Կասպից ծովի բաժանումը երկար ժամանակ եւ մինչ օրս չկարգավորված տարաձայնությունների առիթ է հանդիսանում՝ պայմանավորված նավթի եւ գազի պաշարների, ինչպես նաեւ կենսաբանական ռեսուրսները չկիսած լինելու հանգամանքով։ Բանակցություններին մասնակցում է 5 պետություն՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Թուրքմենստանը, Իրանը եւ Ադրբեջանը։