Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հույս ունի, որ իշխանության ու ընդդիմության միջեւ միջնորդ լինելու իր նախաձեռնությունը հաջողությամբ կպսակվի: Այս մասին նա հայտարարեց այսօր` ապրիլի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ նախօրեին նահանդես էր եկել հայտարարությամբ, որում առաջարկում էր միջնորդ դառնալ իշխանության եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ` մարտի 1-ի դեպքերի բացահայտման գործում: Շնորհակալություն հայտնելով ՀԱԿ-ին` առաջարկը վառ արտահայտված բացասական արձագանքի արժանացնելու համար, Անդրեասյանը հույս հայտնեց, որ ընդդիմության վերջնական պատասխանը կլինի դրական:
Օմբուդսմենի կարծիքով` երկու կողմերն էլ, որոշակի չափով վերաբերմունք են արտահայտել, եւ չպետք է ասել, որ երկխոսություն սկսելու առաջարկը ոգեւորությամբ է ընդունվել: Մեկնաբանելով ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հայտարարությունն այն մասին, թե «իշխանությունները միջնորդի կարիք չունեն» եւ որ օմբուդսմենը գերազանցում է իր լիազորությունները, Անդրեասյանն ասաց, թե կարող է ապացուցել Սահակյանի հայտարարության երկրորդ մասի սխալ լինելը:
Ընդգծելով երկխոսության մեկնարկի կարեւորությունը, Պաշտպանը նշեց, որ ամենակարեւորը երկու կողմերի իրավասու ներկայացուցիչների միջեւ հանդիպում կազմակերպելն է, որը կարող է շատ կարեւոր քայլ դիտվել հասարակության աչքում: Անդրեասյանը խուսափելով տիրող իրավիճակին գնահատական տալ, միաժամանակ դժվարացավ ասել, թե ինչ արդյունք կտա իր նախաձեռնությունը:
Հարցին, թե հնարավո՞ր է ընդդիմության եւ իշխանության միջեւ երկխոսության թեման լինել արտահերթ ընտրությունների անցկացումը, օմբուդսմենը հայտարարեց, որ օրակարգը կձեւավորվի հանդիպման ժամանակ: Լրագրողները փորձեցին Անդրեասյանից ճշտել նրա դիրքորոշումը Հայաստանում առկա քաղբանտարկյալների մասին, սակայն ապարդյուն: Նա նշեց, որ իր ցանկությունը` միջնորդ լինել իշխանության եւ ընդդիմության միջեւ, թույլ չի տալիս նման գնահատականներ տալ: Այլապես նա կարող է անմիջապես ընկալվել որպես «կողմ»: Օմբուդսմենը միաժամանակ նշեց, որ կան մարդիկ, ովքեր իրենց քաղբանտարկյալ են համարում, եւ դա արդեն վատ է:




























