Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն ուսումնասիրում է ոստիկանության խնդիրները` համակարգի նախկին աշխատակցի օգնությամբ: Այսօր` ապրիլի 26-ին հենց այսպես բացատրեց Կարեն Անդրեասյանն այն փաստը, որ ոստիկանության գեներալ-մայոր Հայկ Միլիտոնյանը ներկայումս աշխատում է ՄԻՊ գրասենյակում:
Անդրեասյանի խոսքով, այն, որ Միլիտոնյանը երկար տարիներ աշխատել է ոստիկանությունում, խոչընդոտ չէ օմբուդսմենի գրասենյակում նրա արդյունավետ աշխատանքի համար, քանի որ վերջինս շատ լավ տեղեկացված է ոստիկանության բոլոր ներքին խնդիրներին, իսկ օմբուդսմենը մտադիր է պայքարել հենց այդ «ներքին» խնդիրներում առկա բացասական երեւույթների դեմ: Այդ առումով, ըստ Կ. Անդրեասյանի, Միլիտոնյանի օգնությունը ճիշտ տեղին է:
Պաշտպանն անդրադարձել է նաեւ իր կենսագրության մասին որոշ լուրերին, ըստ որոնց իրեն հեռացրել են ինչ-որ միջազգային կազմակերպությունից: «Դա բացարձակ սուտ է: Ինձ երբեք ոչ մի տեղից չեն հեռացրել»,- ասել է նա:





























