Պետերբուրգի իշխանությունները ազգայնականներին թույլ են տվել մայիսի 1-ին երթ անցկացնել Նեվսկի պողոտայում: Հատկանշական է, որ ակցիայի կազմակերպիչները վերջերս ծայրահեղականության համար արգելված «Անլեգալ իմիգրացիայի դեմ պայքարի շարժման» նախկին անդամներն են:
Ինչպես «Ինտերֆաքսին» հայտնել է արգելված կազմակերպության քաղաքային մասնաճյուղի համակարգող Սեմյոն Պիխտելեւը, երթի ժամանակ ազգայնականները չեն պարզի արգելված շարժման խորհրդանիշները, եւ կսահմանափակվեն ռուսական պետական եւ կայսերական դրոշներ պարզելով:
Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Մոսկվայի քաղաքային դատարանը «Անլեգալ իմիգրացիայի դեմ պայքարի շարժումը» ճանաչել է որպես ծայրահեղական կազմակերպություն եւ արգելել նրա գործունեությունը` Մոսկվայի դատախազի առաջարկով:
Շարժման նախկին առաջնորդ Ալեքսանդր Բելովը 2009-ին դատապարտվել է 1,5 տարվա պայմանական ազատազրկման` ազգամիջյան երկպառակություն սերմանելու համար: Հետագայում պարզվել է, որ այս շարժման մասնակիցներն են մասնակցել 2010-ի դեկտեմբերին Մոսկվայի Մանեժնայա հրապարակում ազգայնականների հանրահավաքին, որի ժամանակ ծեծի էին ենթարկվել կովկասյան արտաքինով բազմաթիվ երիտասադներ:




























