Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն ապրիլի 27-ին իր գործընկերների հետ կիրականացնի Ծիծեռնակաբերդում հավաքված ծաղիկների վերամշակման գործընթացը, որն իրականացվում է 2-րդ անգամ:
Հիշեցնենք, որ մինչեւ 2010 թ. Ապրիլի 24-ից հետո Ծիծեռնակաբերդում հավաքված միլիոնավոր ծաղիկներն ամեն տարի հուշահամալիրից հեռացվում էին որպես աղբ: Անցյալ տարի Հիմնադրամն առաջարկել է անմեղ զոհերի հիշատակին նվիրաբերված բոլոր ծաղիկների հավաքման եւ հետագա կիրառման այլընտրանքային, առավել օգտակար, խորհրդանշական ու բնապահպանական տարբերակ:
Միջոցառման շրջանակում բոլոր ծաղիկները խնամքով հավաքվում եւ տեղափոխվում են հուշարձանի հետնամաս, առանձնացվում են ցողունն ու ծաղկաթերթիկները: Ծաղկի ցողուններից պատրաստվում է պարարտախառնուրդ` հուշահամալիրի այգիների մշակման համար, իսկ ծաղկի չորացված թերթիկները հիմնադրամի «Արեւորդի» էկո-ակումբների սաներն օգտագործում են թղթի վերամշակման եւ ձեռքով պատրաստված բացիկների ձեւավորման համար:
Այդ թուղթն է օգտագործում նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հուշագրեր, շնորհակալագրեր եւ հրավիրատոմսեր պատրաստելու համար:
Ծաղիկների վերամշակման աշխատանքներն իրականացվում են անհատ կամավորների եւ ամենատարբեր կազմակերպություններ ներկայացնող կամավորական խմբերի միջոցով: Այս տարի աշխատանքներին կմասնակցեն շուրջ 300 կամավորներ:
Արդեն ավանդույթ դարձած միջոցառումն այս տարի կմեկնարկի առավոտյան ժամը 9:00-ին եւ կշարունակվի մինչեւ 21:00-ը:





























