Ցանկացած օրենք կարելի է ճնշման գործիքի վերածել: Նման կարծիք է հայտնել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն, այսօր` ապրիլի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Քաղաքացիական օրենսգրքում տեղի ունեցած փոփոխություններին, որոնք առաջ են բերել լրատվամիջոցների դժգոհությունը: Խոսքը գնում է զրպարտության եւ վիրավորանքի համար լրատվամիջոցների նկատմամբ խոշոր (շուրջ 2-3 մլն դրամ) տուգանքներ կիրառելու հնարավորություն տվող օրենսդրական փոփոխությունների մասին: Նախկինում զրպարտության ու վիրավորանքի համար քրեական հետապնդում էր նախատեսված, սակայն վերջին 2 տասնամյակում նման հետապնդման միայն մեկ դեպք էր եղել, սակայն լրագրողը չէր ազատազրկվել:
Միաժամանակ, Անդրեասյանն ընդգծել է, որ այդ փոփոխությունների ընդունումից հետո կրճատվել են լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը:
Օմբուդսմենի կարծիքով, դրական է այն, որ այդ փոփոխությունները լրագրողներին ապահովագրում են հիվանդանոց կամ բանտ ընկնելուց: Նրա խոսքով, օրենքի նպատակը լրատվամիջոցներին սնանկացնելը չէ:
Օմբուդսմենը վստահություն հայտնեց, որ եթե լրագրողն ամեն բան ճիշտ է լուսաբանում, ոչ մի դատարան չի կարող ապացուցել նրա «մեղքը»: «Չարաշահել կարելի է ցանկացած օրենք»,- նշել է նա, հավելելով, որ այս թեմայի շուրջ բոլոր խոսակցությունների ժամանակ մոռացվում է ամենագլխավորը` զրպարտության անթույլատրելիությունը եւ արժանապատվությունը պաշտպանելու իրավունքը:
Նա կարծում է, որ այս ոլորտում նոր օրենսդրական փոփոխություններ պետք չեն, իսկ մայիսի 1-ին խոսքի ազատությանը նվիրված ֆորումի ժամանակ մտադիր է հանդես գալ հասարակական վերահսկողություն ստեղծելու նախաձեռնությամբ:





























