Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր` ապրիլի 26-ին կայացել է բուհի խորհրդի նիստը, որի օրակարգում եղել է միայն մեկ` ռեկտորի ընտրության հարցը:
Խորհրդի նիստին մասնակցել են խորհրդի 32 անդամներից 30 –ը, այդ թվում խորհրդի նախագահ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնի համար միայն մեկ թեկնածու է դիմում ներկայացրել` համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը:
Իր խոսքում ռեկտորի պաշտոնակատարը ներկայացրել է բուհի զարգացման հայեցակարգային դրույթները, այնուհետեւ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն:
Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած` ՀՊՏՀ խորհրդի 30 անդամները ձայների 28 կողմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ (1 քվեաթերթիկ ճանաչվեց անվավեր) Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր է ընտրվել Կորյուն Աթոյանը:
Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ՀՊՏՀ նախկին ռեկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանին` այդ պաշտոնում կատարած արդյունավետ աշխատանքի համար: Վերջին իր հերթին շնորհավորելով նորընտիր ռեկտորին, նշել է, որ այդ ողջ ընթացքում միշտ զգացել է Հովիկ Աբրահամյանի աջակցությունը բուհում զարգացում եւ առաջընթաց ապահովելու գործում:





























