Աֆղանստանում կոալիցիոն ուժերի հրամանատարությունն այսօր` ապրիլի 26-ին հայտարարել է տեղի ապստամբների ամենաազդեցիկ հրամանատարներից մեկի` Աբու Հաֆսա ալ-Նաջդիի (Սաուդյան Արաբիայից) ոչնչացման մասին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

ՆԱՏՕ-ում ստացվող տեղեկատվության համաձայն, այդ մարդը սպանվել է ապրիլի 13-ին Պակիստանի սահմանին մոտ գտնվող Քունարի շրջանում ռմբակոծության ժամանակ: Այլ աղբյուրներից այս տեղեկությունը դեռ չեն հաստատում:

Աբու Հաֆսա ալ-Նաջդին, ով հայտնի է նաեւ Աբդուլ Գանի անվամբ, Աֆղանստանում ղեկավարել է «Ալ-Քաիդայի» ուժերը: Նա ՆԱՏՕ-ի թիրախների շարքում զբաղեցրել է «պատվավոր» երկրորդ տեղը: Նաջդին ղեկավարել է գրոհայինների ուսումնական ճամբարների կազմակերպումը, թշնամի ցեղերի ղեկավարների եւ արտասահմանցիների դեմ մահափորձերը:

ՆԱՏՕ-ի տվյալներով, Աֆղանստանում գործում է «Ալ-Քաիդայի» շուրջ 100 գրոհային: ՆԱՏՕ-ն Աբդուլ Գանիին հետապնդել է 2007-ից: