Հանգստյան օրերի հարաբերական կայունությունից հետո այսօր` ապրիլի 26-ին ֆոնդային բորսայում փոխարժեքը կրկին ապակայունացել է: Դոլարի բորսայական միջին փոխարժեքը կազմել է 370.50 դրամ; Նախորդ` ապրիլի 22-ի համեմատ դոլարը արժեզրկվել է 3.25 կետով կամ 0.87 տոկոսով; Սա 2011 թ. բորսայական ամենաուժեղ տատանումն է:
Ավելին` այսօրվա որոշ գործարքներում դոլարի փոխարժեքը ընկել է մինչեւ 362.75 դրամ, ամենայն հավանականությամբ, այն պատճառով, որ ԿԲ-ն չի ցանկացել միջամտել;
Ընդհանուր առմամբ, այսօր բորսայում վաճառվել է 2 մլն դոլար:
Բանկերը, բնականաբար, իջեցրել են կանխիկ դոլարի առքուվաճառքի փոխարժեքները, սակայն դա չի կրում նույնքան տարերային բնույթ, ինչպես բորսայում: կան բանկեր, որոնք ժամը 17:30-ի դրությամբ դեռեւս դոլար ընդունում էին 372 դրամով, թեեւ մեծամասամբ առքի փոխարժեքն ընկել է մինչեւ 370 դրամ; Կանխիկ դոլարի վաճառքի գինը սկսում է 373-ից, թեեւ առավոտյան համարյա բոլոր փոխանակման կետերը պատրաստ էին այդ գնով դոլար գնել:
Դոլարի կտրուկ անկումը հայկական բորսայում թերեւս հետեւանք է այն լուրերի, որ միջազգային շուկաներում դոլարը հաստատապես զիջում է եվրոյին ու մյուս համաշխարհային արժույթներին: Հայկական դրամը բավական ուշացումով արձագանքեց միջազգային շուկաների միտումներին:





























