Միջազգային շուկաներում ընթացող զարգացումները 2010 թ. դրական են անդրադարձել Հայաստանի ֆինանսական կայունության վրա: Այսօր` ապրիլի 26-ին հրավիրած ասուլիսում նման հայտարարություն արեց ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Վահե Վարդանյանը:
Նա այդ հանգամանքը բացատրեց նրանով, որ պղնձի եւ մոլիբդենի միջազգային զգալի գնաճը (մոտ 40 տոկոս) դրական է անդրադարձել Հայաստանի արտաքին առեւտրի հաշվեկշռի վրա: Մասնավորապես, մեծամասամբ այդ գործոնով պայմանավորված, Հայաստանից արտահանումն աճել է 42 տոկոսով, այնինչ ներմուծումը`14 տոկոսով:
Ճիշտ է, ըստ ԿԲ պաշտոնյայի, Հայաստանը մեծ կախվածություն ունի նավթամթերքի միջազգային գներից, սակայն այդ կախվածությունը մասամբ չեզոքացվում է տրանսֆերտների աճի շնորհիվ: Տրանսֆերտների ծավալն ուղղակի կախվածություն ունի նավթի գներից, քանի որ Հայաստան մուտք լինող տրանսֆերտների հիմնական մասը ստացվում է Ռուսաստանից, որը նավթ արտահանող երկիր է: Շնորհիվ 2010 թ. նավթի գների մեծ աճին` Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտներն աճել են 18.4 տոկոսով:
Հայաստանի համար, ըստ Վ. Վարդանյանի, առավել բացասաբար է անդրադառնում միջազգային շուկաներում պարենային գների աճը, քանի որ ադ գնաճն այնուհետ ներմուծվում է Հայաստան;
«Հարեւան երկրներում զարգացումները եւս եղել են դրական, ինչը նպաստավոր էր Հայաստանի համար»,- նշեց Վ. Վարդանյանը;
Ընդհանուր առմամբ` Հայաստանի ֆինանսական կայունությունը 2010 թ. պահպանվել է բավարար մակարդակի վրա, գտնում են ՀՀ ԿԲ-ում: Ըստ Վ. Վարդանյանի կանխատեսումների` եթե միջազգային շուկաներում որեւէ արտառոց բան տեղի չունենա, ապա մեր ֆինանսական շուկան կայուն կլինի նաեւ 2011 թ.:





























