Երեւանում այսօր` ապրիլի 26-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հայաստանում աշխատանքային այցով գտնվող Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեին եւ քննարկել վիրահայությանը հուզող խնդիրները:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ առթիվ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ Թբիլիսի իր վերջին այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունը Թբիլիսիի Հայկական դրամատիկական թատրոնին վերանորոգման համար միջոցներ հատկացնելու վերաբերյալ արդեն իրականություն է դառնում:
Հանդիպմանը հանգամանալից քննարկվել են Հայաստանի եւ Վրաստանի նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ:
Նախարարները քննարկել են նաեւ միջազգային եւ տարածաշրջանային մի ծարք խնդիրներ: Երկուստեք կարեւորվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը:
«Այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում արդեն կայացել են Վրաստանի նախագահի եւ վարչապետի այցերը Երեւան: Վերջերս այստեղ էին ներքին գործերի, պաշտպանության եւ տրանսպորտի նախարարները: Այցելությունների այս ինտենսիվությունը վկայում է Հայաստանի եւ Վրաստանի միջեւ համագործակցության ոչ միայն ծավալուն բովանդակության, այլեւ իրական բարեկամական հարաբերությունների մասին» - ընդգծել է Նալբանդյանը:
Կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստանի եւ Վրաստանի ԱԳՆ-ների միջեւ անցկացվող խորհրդատվությունների ակտիվացմանը, միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցությանը, հայ-վրացական պետական սահմանի սահմանազատման գործընթացի խնդիրներին:





























