Հայաստանի ԱԳՆ-ում այսօր` ապրիլի 26-ին տեղի է ունեցել EU Skills ծրագրի շրջանակում տպագրված Բրիտանական խորհրդի «Գործնական ուղեցույց դեպի Եվրամիություն» գրքի շնորհանդեսը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի եւ տեղակատվության բաժնի ղեկավար Օննո Սիմոնսը եւ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը:

Միջոցառմանը ներկա էին Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ ու դիվանագետներ, կառավարական ու գիտական շրջանակների ներկայացուցիչներ:

ՀՀ կառավարության համագործակցությամբ եւ վարչապետի անմիջական աջակցությամբ Բրիտանական խորհուրդը 2009 թ.-ին նախաձեռնել է EU Skills ծրագիրը, որը ֆինանսավորում էր Երեւանում բրիտանական դեսպանատունը: Երկամյա այս ծրագրի նպատակն էր կատարելագործել Հայաստանի պետական հաստատությունների եւ գործակալությունների պաշտոնյաների կարողությունները` Եվրամիության հետ առավել արդյունավետ համագործակցության համար:

Այս ծրագրի շրջանակում Եվրամիության եւ դիվանագիտական հաղորդակցությունների վերաբերյալ դասընթացների մասնագետ  Քոլմ Դաունսի հեղինակմամբ հրատարակվել է «Գործնական ուղեցույց դեպի Եվրամիություն» գիրքը, որը մանրամասն տեղեկատվություն է պարունակում Եվրամիության տարբեր կառույցների գործառույթների, նշանակության եւ դերի, ինչպես նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերության գործընթացի վերաբերյալ: Գործնական այս ուղեցույցը պարունակում է փաստեր Եվրամիության վերաբերյալ, իսկ բաժիններն ամփոփվում են վարժությունների շարքով, որն առավել գրավիչ է դարձնում թեմայի ուսումնասիրությունը:

Գիրքը տրամադրվելու է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդին, պետական գերատեսչություններին եւ համալասրանների համապատասխան բաժիններին: